Laura 11:32
Գլխավոր / ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՇԱՏ ԶԳԱՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ՝ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄԸ, ԵՐԲԵՄՆ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԵՐԻՑ

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՇԱՏ ԶԳԱՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ՝ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄԸ, ԵՐԲԵՄՆ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԵՐԻՑ

Հարցազրույց «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել  Ահարոնյանի հետ

– Վիրավորանքի եւ զրպարտության համար պատիժը մե՛կ քրեականացվում է, մե՛կ նորից տեղափոխվում  Քաղաքացիական օրենսգրքի տիրույթ։ Ձեր կարծիքով՝ ո՞ր եղանակն է ավելի արդյունավետ դրա դեմ պայքարելու համար՝ քրեական պատի՞ժը, թե՞ նյութական վնասները, որ մարդը կրելու է քաղաքացիական հայցերի քննության արդյունքում։ 

– Գիտեք, կարճ ժամանակ էր հարկավոր՝ հասկանալու համար, որ, այսպես ասած, ծանր վիրավորանքը քրեականացնելը լավ գաղափար չէ։ Երբ նոր-նոր էր քննարկվում ծանր վիրավորանքը կամ հասարակության շրջանում առավել տարածված հայհոյանքի հոդվածը քրեականացնելու հարցը, հրապարակային իմ հարցազրույցներում, ելույթներում միշտ շեշտել եմ, որ դա առաջին հերթին մեծ հարված է քաղաքացիական հասարակությանը. նպատակը մեկն էր՝ հաշվեհարդար տեսնել հասարակությունից։ 

Ուժային կառույցների առջեւ դրված էր խնդիր․ հայտնաբերել սոցիալական ցանցերի այն օգտատերերին, ովքեր ենթադրյալ վիրավորանք են հասցրել իշխանությանը։  Քննչական մարմիններն առավելապես զբաղված էին այս հոդվածով հարուցված գործերն արագ քննելով եւ դատարան ուղարկելով՝ հարցի վերջնական որոշումը թողնելով դատարանին։ Մի քանի գործ դատարանում քննվեց, եւ երեւի որպես պատիժ կիրառվեց տուգանքը։ Սա զսպող մեխանիզմ չէր, եւ հասկանալի էր, որ երկար շարունակվել չէր կարող։ 

Իմ կարծիքով, վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ գործերը պետք է քննության առնվեն քաղաքացիական դատավարության կարգով։ Տեսեք՝ թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական դատավարության կարգով քննության դեպքում վերջնական դատական ակտն էլի տանում է դեպի մարդու գրպանը։ Երկու դեպքում էլ, եթե ապացուցվեց վիրավորանքի հանգամանքը, մարդը փող էր վճարելու։ Պարզապես քրեական գործի պարագայում՝ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անձը, ամեն դեպքում, ունենալու էր դատվածություն։

Մեր օրերում խնդիրն այլ է. դատարաններն արդեն իսկ ծանրաբեռնված են։ Հասարակության անդամների իրավագիտակցության մակարդակն ավելի բարձր է, եւ հաճախ մարդիկ հակված են գործարքների, խնդրահարույց այլ հարցերի դեպքում դիմել փաստաբանին։ Եվ այստեղ արդեն առաջ է գալիս դատական պաշտպանությունից օգտվելու անձի սահմանադրական իրավունքը, ուստի արդյունավետության առումով կարծում եմ, որ վիրավորանքին եւ զրպարտությանը վերաբերող հարցը պետք է քննության առնվի քաղաքացիական դատավարության կարգով։    

– Ինչքանո՞վ են հստակ «զրպարտություն» եւ «վիրավորանք» եզրույթները, եւ դատարաններն այդ հայցերը քննելիս ինչքանո՞վ են օբյեկտիվ եւ ինչպե՞ս են գնահատում՝ որ դեպքում սահմանել 100 հազար դրամի փոխհատուցում, որ դեպքում՝ 2 միլիոնի։ 

– Քաղաքացիական օրենսգրքի իմաստով՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: 

Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման չափին, ապա այդ հարցերը եւս կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ըստ այդմ՝ վիրավորանքի եւ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել փոխհատուցում։ Դատարանն արդեն ինքն իր ներքին համոզման եւ գործում առկա ապացույցները գնահատելով է որոշում փոխհատուցում տրամադրելու չափը. որքանով է դա համաչափ եւ ողջամիտ։

– Ի՞նչն են մեր պաշտոնյաները համարում զրպարտություն, ի՞նչը՝ վիրավորանք եւ ո՞ր դեպքերում են դիմում դատարան։ Դուք՝ որպես փաստաբան, դիտարկումներ արե՞լ եք այդ ուղղությամբ։ 

– Հետաքրքիր հարց է։ Դիտարկումներ, որպես այդպիսին, չեմ արել, բայց կարող եմ փաստել, որ պաշտոնատար անձինք շատ զգայուն են դարձել։ Վիրավորվում են անմեղ թվացող մտքից ու շարադրանքից։ Կորցրել են հումորի զգացումը, իսկ նախադասությունների մեջ փնտրում են տողատակեր։ Պատահում են դեպքեր, երբ միտքը որպես վիրավորանք դիտարկած անձը կարծում է, որ լրագրողը պետք է տիրապետի օրենքի նուրբ կետերին, պատահում են դեպքեր, երբ անձինք վիրավորվում են անհերքելի փաստերից։ Բոլոր գործերն առանձին են, նման չեն իրար։

– Տպավորություն է, որ պետական պաշտոնյաները բացարձակապես հաշվի չեն առնում այն, որ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում, եւ դատավորները ֆիզիկապես չեն հասցնում այդքան գործ քննել, ամեն փոքր առիթով դիմում են դատարան՝ խլում դատավորների ժամանակը, պետական ռեսուրսները, իսկ արդյունքում դրանից ոչ ոք չի շահում։ Մինչդեռ կարեւոր գործերի քննությունը, որոնք պետության համար նշանակություն ունեն, ձգվում է տարիներով։ 

– Միանգամայն համաձայն եմ։ Դատարանն ի՞նչ անի, եթե անձը լրագրողի գրած արտահայտությունը վիրավորանք կամ զրպարտություն է համարել եւ ցանկանում է իր իրավունքները դատական կարգով պաշտպանել։ Ամեն դեպքում, անձի իրավունքն է։  Մինչդեռ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ հայցադիմում ներկայացրած անձինք հաճախ չեն ներկայանում դատարան եւ, ի վերջո, չեն պաշտպանում իրենց իրավունքները։ Սա ավելի սոսկալի իրավիճակ է։ Դատարանը ստիպված է լինում հաճախ գործն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում կայացնել։ Տեսեք՝ որքանո՞վ է ազնիվ, երբ դատարանն այդքան աշխատանք է տանում, հայցադիմումը վարույթ է ընդունում, նիստեր նշանակում, իսկ հայցվորը չի ներկայանում դատական նիստերին եւ, ըստ էության, հրաժարվում է իր սահմանադրական իրավունքն իրացնելուց։ 

– Ձեր կարծիքով՝ դատական համակարգի վրա ճնշումներ այսօր կիրառվո՞ւմ են, եւ կոռուպցիոն ռիսկերն ինչքանո՞վ են առկա։ Նախկինի համեմատ դրանք նվազե՞լ են, թե՞ ավելացել։ 

– Այս հարցին չեմ կարող օբյեկտիվ պատասխան տալ, քանի որ չեմ տիրապետում այդ մասով մեր երկրում առկա վիճակագրությանը։ Կոռուպցիոն դրսեւորումները երեւի միշտ եղել են ու կլինեն։ Պետք է բոլորս պայքարենք կոռուպցիայի դեմ։ Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումներին, ապա այդ մասին միշտ էլ խոսվում է։ Հիշենք աղմկահարույց մի քանի դեպքերը, որոնք հասարակության մոտ հակակրանք եւ բորբոքումներ առաջացրին։  

– Ինչքա՞ն են տեւում դատական պրոցեսները, եւ դա ինչպե՞ս է անդրադառնում ձեր՝ փաստաբաններիդ, աշխատանքի վրա։ 

– Դատական պրոցեսներն արագ չեն ընթանում։ Դատական նիստերը կարող են հետաձգվել ու նշանակվել այլ հերթի՝ մի դեպքում դատավորի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, մյուս դեպքում՝ դատավարության մասնակիցների համապատասխան միջնորդություններով պայմանավորված։ Գիտեք, փաստաբանի աշխատանքի էական մասը հենց դատարանում է, պետական այլ կառույցներում է, ուժային կառույցներում է։ Դա մեր աշխատանքի անբաժան մասն է։

– Ի՞նչ կարծիքի եք նորաստեղծ դատարանների մասին՝ կալանք քննող, Հակակոռուպցիոն․․․ 

– Գիտեք, ես այնքան էլ կողմնակից չեմ այս երկու մոդելներին։ Իհարկե, քրեական գործերով էլ դատարանները սոսկալի ծանրաբեռնված են։ Իմ վարույթների երեւի առյուծի բաժինը հենց քրեական գործերով պաշտպանությունն է։ Մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողությունը պետք չէր տարանջատել, եւ տրամաբանական էլ չէր։ Հարկավոր էր պարզապես դատական իշխանության համակարգ բերել ավելի մեծ թվով դատավորների, եւ հարցը կլուծվեր։ Ժամանակը ցույց է տալիս, որ այս մոդելների ներդրմամբ պետությունն ահռելի գումարներ է ծախսել, եւ զրո արդյունավետություն։ Քրեական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածության աստիճանը, որքան որ ակնկալվում էր, չի թեթեւացել։ Իսկ ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմին ստեղծելու գաղափարին, այն եւս ձեւական էր, ինչ-որ տեղ՝ նաեւ խտրականություն՝ դատավորների, քննիչների, դատախազների միջեւ։ Միայն եթե դիտարկենք աշխատավարձի չափը, ամեն ինչ պարզ կլինի։ Հակակոռուպցիոն մարմնի քննիչը, դատախազը, դատավորը վարձատրվում են շատ ավելի բարձր։ Պետությունը համարում է, իբր, ռիսկային է, կաշկանդող է եւ այլն։ Իսկ, օրինակ, նույն պետությունն ինչո՞ւ չի բարձրացնում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով վարույթ նախաձեռնած քննիչի, գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի աշխատավարձերը, դատավորի աշխատավարձը։ Չէ՞ որ այս մարդիկ նույն աշխատանքն են կատարում։ Դա է նաեւ երեւի պատճառը, որ շատերը համակարգերից դուրս են գալիս եւ ցանկանում են զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Դիտարկեք փաստաբանների դպրոց դիմած հատուկ դիմորդների քանակը, եւ ամեն ինչ պարզ կլինի։  

– Չե՞ք ուզում դատավոր դառնալ՝ Ձեր գործընկերներից ոմանք դատավորներ նշանակվեցին, անգամ՝ վճռաբեկ դատարանում, չունենալով համապատասխան փորձ։

– Իմ շրջապատից էլ շատերն ինձ այդ հարցն են տալիս՝ ինչո՞ւ դատավոր չես դառնում։ Դատավոր դառնալու նպատակ ես չեմ էլ ունեցել, միշտ ինձ տեսել եմ փաստաբանության մեջ։ Բայց մեկ էլ տեսար՝ մի օր ես էլ դարձա դատավոր։ Գիտեք, փաստաբանությամբ զբաղվելը երեւի ինձ հնարավորություն տվեց դրսից տեսնել համակարգը, պետական ապարատը։ Ես շատ ուրախ եմ, որ իմ գործընկերները նաեւ գնում են դատական իշխանության համակարգ, դատավորի փորձ ունենալ-չունենալը ես չէ, որ պետք է գնահատեմ։ Փաստաբանի մտածողությունն ու մոտեցումները մի քիչ այլ են։ Մասնագիտական այդ ընտրությունը պայմանավորված է նաեւ իրավաբանական օգնություն ցույց տալու ջանասիրությամբ ու ցանկությամբ։

Սերոբ Մարության

01․09․2022, «Հրապարակ» օրաթերթ