Laura 11:32
Գլխավոր / Քրեական օրենսգրքում փոփոխությունն իշխանության ներկայացուցիչներին կտա ոչ արդարացի առավելություն. Փաստաբան

Քրեական օրենսգրքում փոփոխությունն իշխանության ներկայացուցիչներին կտա ոչ արդարացի առավելություն. Փաստաբան

«Իշխանության ներկայացուցիչները, ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից պետք է դրսևորեն հանդուրժողականության առավել բարձր աստիճան»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Ահարոնյանն` անդրադառնալով օրերս Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին:

Ներկայացված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Փաստաբան Ահարոնյանը գտնում է, որ օրենսդրին ներկայացվող հիշյալ նախագծին անդրադառնալիս անհրաժեշտ է համեմատական անցկացնել արտահայտվելու կամ մտքի, խոսքի ազատության իրավունքին, որը ժողովրդավարական հասարակության էական հիմնասյուներից է, ավելին՝ առանց որի դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակության ցանկացած ինքնադրսևորում: Քաղաքացիական հասարակությունը պետք է կատարի, այսպես ասած, «հսկողի» դեր՝ երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ՝ արտահայտելով իր կարծիքը, առողջ քննադատությունը։ 
Հետևաբար, այդ պայմաններում խոսքի ազատության իրավունքը կարող է էականորեն նահանջել։ 

Միքայել Ահարոնյանի դիտարկմամբ՝ ստացվում է իշխանության ներկայացուցիչներին տրվում է ոչ արդարացի առավելություն։  
Հատկանշական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներով բազմիցս շեշտել է, որ քննադատության ընդունելի շրջանակները քաղաքական գործիչների նկատմամբ համապատասխանաբար ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ: Ի տարբերություն վերջիններիս` քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար բաց են իրենց յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ քննարկման համար: 

«Ավելին,  Եվրոպական դատարանը կարևորել է նաև արտահայտվելու ազատության իրավունքը` նշելով, որ ազատությունը կիրառելի է ոչ միայն այնպիսի «տեղեկությունների» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլև այնպիսիների, որոնք վրդովեցուցիչ, ցնցող կամ անհանգստացնող են: Դա է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չկա «ժողովրդավարական հասարակություն»,- ընդգծեց փաստաբանը` հավելելով, որ այս փոփոխությունները հանգեցնելու են նաև քննչական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածությանը:

Հարցազրույցի հիպերհղումը՝ https://lurer.com/?p=407066&l=am