Laura 11:32
Главная / Մասնավոր անձի կողմից գաղտնի ձայնագրությունը կարո՞ղ է օգտագործվել որպես ապացույց

Մասնավոր անձի կողմից գաղտնի ձայնագրությունը կարո՞ղ է օգտագործվել որպես ապացույց

Հարցազրույց «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ

«Առավոտը» մասնավոր անձի կողմից գաղտնի ձայնագրությունների օգտագործման թույլատրելիության, ինչպես նաեւ հայկական եւ եվրոպական դատարանի դատական պրակտիկայում կիրառվող հարցերի վերաբերյալ զրուցել է «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ։

– Պարոն Ահարոնյան, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքը սերտ առնչվում է մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրություններին վերաբերող հարցին։ Կխնդրեմ պարզաբանեք՝ ընտանեկան եւ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի վերաբերյալ օրենսդրական ի՞նչ պահանջ կա։

– Գիտեք, կցանկանայի հարցին պատասխանել՝ անդրադառնալով անձնական եւ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, որն իր ամրագրումն է ստացել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում։ Ըստ կոնվենցիոն պահանջի՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ Տեղեկատվության համար նշեմ, որ այս հոդվածից կոնվենցիան նախատեսում է նաեւ բացառություն։ Այսինքն՝ բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ, այսպես ասած, անձնական ու ընտանեկան կյանքին միջամտելը նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաեւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով։ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը վերաբերում է մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությանը։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։ Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
– Պարոն Ահարոնյան, թույլատրվո՞ւմ է տեսանկարահանել կամ ձայնագրել այլ մասնավոր անձի եւ դա որեւէ կերպ կարո՞ղ է դատարանը հիմք ընդունել որպես ապացույց։
– Կարծում եմ, որ հնչած հարցին պետք է պատասխանել քաղաքացիական եւ քրեական գործերով մեր օրերի դատական պրակտիկայից օրինակներ բերելով։ Երկու դեպքում իրավիճակները տարբեր են, չնայած ասեմ, որ մասնավոր անձի կողմից կատարած գաղտնի ձայնագրությունների թույլատրելիության հարցում էական եւ նշանակալի դիրքորոշում է արտահայտել Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, որին անպայման կանդրադառնամ՝ խոսվելով մասնավոր անձի կողմից կատարած գաղտնի ձայնագրությունների թույլատրելիության հարցին առանձին քրեական գործերով։ Երեւի մոտ 10 տարի առաջ, երբ դատարանները, քաղաքացիական գործերով, առնչվում էին այս հարցին, կատեգորիկ դեմ էին մասնավոր հեռախոսազրույցները որպես ապացույց օգտագործելուն։ Օրինակ՝ վիճարկվել էր փոխառության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ, դատավարության մի կողմը ներկայացրել էր գաղտնի ձայնագրություն, սակայն դատարանը համարել էր այն իրավաբանական ուժ չունեցող, քանի որ գտել էր, որ այդ ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելով կխախտվի դատավարության մյուս մասնակցի սահմանադրությամբ ամրագրված իրավունքը։ 2018-ին ընդունվեց քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որտեղ որպես ապացույցի առանձին տեսակ օրենսդիրը սահմանել է լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները։ Նշեմ, որ այն դեպքում, երբ մասնավոր անձի կողմից կատարված լուսանկարումը կամ ձայնագրումը, կամ տեսագրումն իրականացվել է առանց այդ անձի համաձայնության կամ իմացության, ապա ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը դա չի արգելում։ Այս առումով դատարանը, կոնկրետ քաղաքացիական գործով, պետք է որոշում կայացնի՝ համապատասխան միջնորդությունը քննության առնելիս։
– Իսկ ի՞նչ պատկեր է քրեական գործերով։ Օրինակ՝ տուժողը կարո՞ղ է ձայնագրել կամ նկարահանել իրեն սպառնալիքներ հասցնող անձին, թե՝ ոչ։

– Այս հարցին անդրադարձել է Վճռաբեկ դատարանը՝ քննության առնելով Մելինե Մարգարյանի, Վահագն Խաչատրյանի, իսկ ավելի ուշ՝ Վահիկ Մխիթարյանի վերաբերյալ գործերը։ Քանի որ Վահիկ Մխիթարյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումը շրջադարձային էր հայկական քրեադատավարական իրավունքի համար, մի փոքր կարծում եմ, պետք է խոսել այս գործից։ Չանդրադառնալով գործի բոլոր մանրամասներին, որը, ի դեպ, հասանելի է «Դատալեքս» դատական իշխանության տեղեկատվական կայքում, նշեմ, որ Վճռաբեկ դատարանը, քննության առնելով մասնավոր անձի կողմից իրավասու պետական մարմին ներկայացրած գաղտնի ձայնագրության՝ որպես ապացույց թույլատրելի ճանաչելու հարցին, անչափ կարեւորել է, թե օրինակ, ձայնագրառման կատարումը հետապնդել է իրավաչափ նպատակ, թե՝ ոչ, այդ հետապնդվող նպատակը եղել է առավել ծանրակշիռ եւ գերակայել է արդյո՞ք անձի իրավունքների նկատմամբ օրենքով կանոնակարգված ընթացակարգերի կիրառմամբ միջամտություն իրականացնելու անհրաժեշտությանը, արդյո՞ք անձը գործել է բարեխղճորեն, թե չարամիտ դիտավորությամբ, արդյո՞ք ձայնագրառումը կատարվել է մինչեւ քրեական վարույթ սկսելը, թե դրանից հետո: Այսինքն՝ այս գործով Վճռաբեկ դատարանը թեեւ սահմանել է որոշակի չափանիշներ մասնավոր անձի կողմից հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը քննարկելիս, սակայն պետք է, ընդհանուր առմամբ, նկատի ունենալ, որ եթե անձը մինչեւ իրավապահ մարմիններին դիմելը գաղտնի նկարել կամ ձայնագրել է եւ չարամիտ դիտավորություն չի ունեցել, ամենայն հավանականությամբ, Վճռաբեկ դատարանի այս որոշման ուժով տվյալ ձայնագրությունը կամ տեսագրությունը կարող է դրվել ապացույցների հիմքում եւ ճանաչվել թույլատրելի։

– Այս հարցով եվրոպական դատարանը նշանակալի իրավական դիրքորոշումներ հայտնե՞լ է։

– Եվրոպական դատարանը եւս անդրադարձել է մասնավոր անձի կողմից իրականացված ձայնագրությունները կամ տեսագրությունները որպես ապացույց թույլատրելի համարելու հարցերին եւ ժամանակի ընթացքում տվել հակասական իրավական դիրքորոշումներ։ Եվրոպական դատարանը մեր օրերում այս հարցի առնչությամբ կայացված դատական ակտերով հիմնականում ուշադրություն է դարձնում մեղադրյալի դատավարական իրավունքներին եւ որոշ դեպքերում հայտնում է, որ եթե պահպանվել է մեղադրյալի հակընդդեմ հարցման, արդար դատաքննության եւ մի շարք այլ իրավունքներ, ապա տվյալ ապացույցը կարող է դրվել մեղադրանքի հիմքում։ Մի հետաքրքիր գործ կար Եվրոպական դատարանում։ Դիմումատուն դիմել էր Եվրոպական դատարան՝ հայցելով, որ խախտվել է իր արդար դատաքննության կոնվենցիոն իրավունքը։ Վիճելի ձայնագրությունը, որով, ի դեպ, հիմնավորվել էր դիմումատուի կողմից կնոջ սպանության դրդչության փորձի կատարումը, ներկայացվել էր քննիչին եւ հետագայում օգտագործվել էր նաեւ դատաքննության փուլում եւ դրվել մեղադրանքի հիմքում։ Այս գործով Եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի խախտում չէր արձանագրել եւ պատճառաբանել էր, որ մեղադրյալը ձայնագրությունն ունկնդրել է եւ հնարավորություն է ունեցել վիճարկելու դրա իսկությունը եւ առարկելու այն որպես ապացույց օգտագործելու դեմ, դիմումատուի պաշտպանին հաջողվել է վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննել գաղտնի ձայնագրությունը կատարած անձին եւ ի վերջո հեռախոսազրույցի ձայնագրությունը մեղադրական դատավճռի միակ ապացույցը չի եղել։ Ըստ էության, Եվրոպական դատարանի հիմնավորումը հետեւյալն էր. մեղադրյալը հնարավորություն ուներ վիճարկելու այդ ձայնագրությունը օգտագործելու թույլատրելիությունը դատական քննության փուլում, եւ երկրորդ՝ անձը դատապարտվել է նաեւ հիմնավոր այլ ապացույցների հիման վրա։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ 26.04.2022

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/04/27/1262977/